Հիմնադրամի նոր՝ «Կրթություն. մասնագիտական կողմնորոշում» կրթական ծրագիրը

Հիմնադրամը մեկնարկում է «Կրթություն. մասնագիտական կողմնորոշում» կրթական ծրագիրը, որի գլխավոր նպատակն է՝ անհատին օժտել շարունակական ուսուցման և կարիերայի զարգացման այնպիսի կարողություններով, որոնք նրան հնարավորություն կտան ընտրելու ՀՀ աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն և ձեռք բերելու համապատասխան աշխատանք:


Տեղեկացնենք, որ ՀՀ մարզերի և Երևանի մի շարք հանրակրթական դպրոցներում արդեն իսկ գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու և աջակցելու նպատակով: Հանրակրթության համակարգում ներդրվել է «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը, որի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները ծանոթանում են գիտելիքների աշխարհում գոյություն ունեցող մասնագիտություններին և աշխատաշուկայի պահանջներին:Իսկ եթե բնական հարց առաջացավ, թե ի՞նչ կապ ունի «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամն այս ամենի հետ, սիրով պատասխանենք:

Հիմնադրամը, համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի»-ի հետ (Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն), այսուհետ հնարավորությունների և առկա ռեսուրսների շրջանակներում փորձելու է կազմակերպել ճանաչողական այցեր տարբեր մասնագիտական հաստատություններ՝ Երևանի և հատկապես մարզերի ավագ դպրոցների աշակերտների, ուսանողների մասնակցությամբ:


Որպես վառ օրինակ և ծրագրի հաջողված մեկնարկ՝ հոկտեմբերի 17-ին կազմակերպվեց Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի «Սպանդարյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 8-րդ դասարանի 19 աշակերտների այցը «ArLeAM» ընկերության ինտենսիվ այգիներ:


Նշենք, որ ArLeAM-ի ինտենսիվ այգիների ավելի քան 25 հա տարածքում աճում են չորս տեսակի՝ միմյանցից տարբերվող, հյութալի և յուրահատուկ համային հատկանիշներով խնձորներ, ArLeAM-ի այգիների քաղցրությունն ու գեղեցկությունը համալրում են նաև մոտ 10 հա տարածք ունեցող տանձի այգիները:


Ընկերության ներկայացուցիչներն ու մասնագետները մեծ պատրաստակամությամբ և սիրով աշակերտներին ներկայացրեցին ինտենսիվ այգիների հետ տարվող աշխատանքների նրբությունները, ծանոթացրեցին ճիշտ բերքահավաքի տեխնոլոգիային, հողի սնուցման, պարարտացման և ընդհանուր խնամքին, պահեստավորման աշխատանքների ընթացակարգին, արտադրանքի վրա լազերային փորագրությամբ բրենդավորման հնարավորությանը: Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին խնձորի բերքահավաքի գործընթացին, հետևեցին, թե ինչ պայմաններում և ինչպես են մրգերը պահվում և պահպանվում հատուկ սառցախցիկներում, ծանոթացան և հատուկ հյուրասիրությաբ համտեսեցին Ընկերության նաև այլ համեղ արտադրատեսակները (չիր, շոկոլադ, բնական հյութեր և այլն):Դասարանի դասղեկը՝ Նարինե Խաչատրյանը, ով նաև դասավանդում է հենց «Մասնագիտական կողմնորոշում» առարկան, ուղեկցելով և ականատեսը լինելով աշակերտների ոգևորությանը, կարևորելով այս այցը՝ նշեց, որ առարկայի շրջանակում գյուղատնտեսական ոլորտում դասարանի հետ նախօրոք սահմանել և նախանշել էին նպատակները, դրանց հասնելու տեսական և գործնական քայլերը, ժամանակը, գործնական տարածքի կարևորությունը, որոնք կօգնեն պատկերացում կազմել մասնագիտությունների ընտրության կարևորության մասին:


Տեղեկացանք, որ նա իր աշակերտներին սովորեցնում է ճանաչել իրենց մեջ եղած ներուժը հաջողության բանաձևի միջոցով՝ «ՈՒԶՈՒՄ ԵՄ, ԿԱՐՈՂ ԵՄ, ՊԵՏՔ Է»:


Բոլոր ներկաների համար այցը, հիրավի, կարևոր, մոտիվացնող և ուսուցանող էր, քանզի հենց մուտքից էլ նկատելի էր այն խնամված ու ջերմ միջավայրը, անձնակազմի հոգատարությունն ու նվիրվածությունը, ինչը խրախուսում է լինել կիրթ, նպատակասլաց և հայրենասեր:


Մեր հերթին շնորհակալություն ենք հայտնում «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ին, Շիրակի մարզի «Սպանդարյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին և, իհարկե, սեր սփռող «ArLeAM» ընկերությանը: