Մանկական ժամանցի անկյուններ արցախահայ փոքրիկների համար

Երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնեց լրջագույն մարտահրավերներից մեկի՝ Արցախից բռնի տեղահվանվածներին ընդունելու խնդրի առջև, բոլորը միահամուռ ուժերով լծվեցին իրենց հայրենակիցներին պատվով դիմավորելու գործին:


«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի թիմը եռօրյա այցով վճռեց մեկնել Գորիս՝ միջազգային և տեղի մարդասիրական կազմակերպությունների հետ հիմնելու և կահավորելու մանկական զարգացման մի քանի սենյակ:


Հիմնադրամի նպատակն էր՝ փոքրիկ արցախահայերի համար հնարավորինս ապահովել հետաքրքիր ժամանց՝ մի փոքր մեղմելու նրանց ցավը, կարոտը և շեղելու այս օրերի տագնապային իրադարձություններից:


Գործընկեր կազմակերպությունների խնդիրն էր՝ երեխաների զբաղվածությունն ապահովող մասնագետների ներգրավումը, իսկ Հիմնադրամինը՝ սենյակների կահավորումը, համապատասխան նյութերով ապահովումը:


Գրենական պիտույքներ, զարգացնող խաղեր, փափուկ խաղալիքներ և շատ այլ անհրաժեշտ պարագաներ մատակարարող ընկերություններ («Զանգակ» գրատուն, «IQ games / Developmental Toys», «CHACHO/ՉԱՉՈ խաղալիքների, գրենական պիտույքների, նվերների, սպորտային պարագաների խանութ», «Creative Educational Technologies Armenia»), բարերարներ («Yerevan City սուպերմարկետների ցանց») և բարեսիրտ անձինք անմիջապես արձագանքեցին Հիմնադրամի նախաձեռնությանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել այս ազգանվեր և կարևոր գաղափարը:


Կրկին շնորհակալ ենք մեր գործընկերներին, կամավորներին և բոլոր սրտացավ մարդկանց՝ մեզ միանալու, աջակցելու համար:


Նման ծրագրերը պետք է լինեն շարունակական:

Մեր գործընկեր կենտրոններում կապահովվի երեխաների ժամանցը՝

Médecins du Monde France

Winnet Goris Development Foundation

ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO